Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հույս ունի, որ քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք կհաջողվի Երեւանի մանսարդների հարցը լուծել։

Այսօր՝ հունվարի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նա հայտեց, որ այդ հարցով բավականին հետաքրքիր քաղաքականություն են վարում. «Երբ բնակիչների կողմից տրվում է առաջարկություն՝ թույլատրել ամբողջ կառույցի հինգերորդ ճակատի երկայնքով կառուցել մանսարդ, մենք բավականին զարմացած եւ ուրախացած ընդունում ենք այդ ծրագրերը: Ինչի՞ համար, որովհետեւ դա իր հետ բերում է հինգերորդ ճակատի վերջնական լուծմանը, եւ մեր կաթոցների խնդիրները լուծվում են»:

Սակայն, Մեսչյանի խոսքով, բոլոր նրանք, որոնք դիմում են մանսարդների համար, որոնք նա կոչում է պուճախային մանսարդներ, այսինքն՝ կառույցի վրա մի կտոր մանսարդներ են ուզում դնեն, մերժվելու են. «Թող իզուր տեղը դիմում չգրեն, որովհետեւ ասելու եմ ոչ: Ա՛յ, եթե իրենք բոլոր հարեւանների հետ միանան եւ մեկ նախագծով բոլորով մեկ շինարարի ներկայությամբ եւ աշխատանքի կատարումով, դիմեն մեզ, հիմիկվանից ասում եմ, որ պատասխանը կլինի այո, եթե շենքի ճարտարապետությունը թույլ տա»:

Երեւանի գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ՝ եթե վերջին հարկի բնակիչը չհամաձայնվի մանսարդի կառուցմանը, այդ ժամանակ քաղաքը իրավասություն ունի այդ տարածքը որպես հողատարածք տալ ուրիշ կառուցապատողի. «Իմաստն այն է, որ մանսարդները կտոր-կտոր չլինեն։ Եթե նկատել եք, մեր ամբողջ բնակելի ֆոնդը քայքայվել է էդ մասնարդներով, եւ նույնիսկ մեր ամենաարժեքավոր բնակելի շենքերը բավականին ծանր վիճակի մեջ են: Եվ կամաց-կամաց մանսարդներ կառուցելով, ինչպես ժամանակին Նապոլեոն Բոնապարտի օրոք Փարիզը մանսարդավորվեց, այնպես էլ, կարծում եմ, Հայկ Մարությանի օրոք մենք կկարողանանք Երեւանի մանսարդների հարցը լուծել, պրծնել էդ պրոբլեմից»:

Երեւանի գլխավոր ճարտարապետը շեշտեց, որ մանսարդավորելու ժամանակ կառուցապատողները պետք է վերանորոգեն ամբողջ աստիճանավանդակները, նրա ձեւակերպմամբ՝ բնակիչներին ում նեղություն են պատճառում, նրանց ինչ-որ բան պիտի տան. «Սա լուրջ, խորամանկ ծրագիր է: Երկու փորձ արդեն ունենք, սպասում ենք ավարտին, կնայենք ինչ եզրակացություն ունեցանք եւ այդ ծրագիրը կշարունակենք»: