ԱԺ-ն կընդունի օրենքը, եւ աջ ղեկով մեքենաների խնդիրը շուտով կլուծվի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ այդ օրենքը պատուհան է լինելու խնդրի լուծման համար:
«Օրենքը թույլ է տալիս, որ սահմանին կուտակված մեքենաները ներմուծվեն, որոնք մինչեւ նախորդ տարվա դեկտեմբերի 20-ն են բերվել եւ հարցը կվերջանա»,-ասաց նա:
Հարցին, թե քանի՞ աջ ղեկով մեքենա կա կուտակված, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Ըստ մեր տեղեկությունների՝ 100-ից ավելի մեքենաներ են»։
Նախարարը վստահեցրեց, որ դանդաղում չկա, օրենքն ընթացակարգով առաջ է գնում, Արդարադատության նախարարությունը կտա իր կարծիքը, եւ նախագիծը կուղարկվի ԱԺ։





























