Թերթն անդրադառնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը, թե «մեր տարածաշրջանի համար չկա ավելի կարեւոր հարց, քան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը»:
«Այսօրինակ հայտարարությունը, եթե, իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցները ճիշտ են փոխանցում Բրայզայի խոսքերը, կամ եթե վերջինս այսօր արդեն չի հայտարարի իր ասածները սխալ ընկալելու մասին, չպետք է դիտարկել պատահականությունների շարքից: Հետեւաբար, ստացվում է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում այլ որեւէ հակամարտություն չի տեսնում, որը պակաս կամ ավելի կարեւոր կլիներ, այլ միայն ղարաբաղյանը, որն ամենակարեւոր հարց է դիտարկում: Այսինքն` Բրայզայի մոտեցմամբ, ԱՄՆ-ը այլեւս հակամարտություն կամ տարածաշրջանային խնդիր չի՞ դիտարկում Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հարցերը»,- նկատում է «Ազգ»-ը:



























