Գյումրու քաղաքի տեխնոլոգիական կենտրոնում այսօր կայացել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների ղեկավարներ եւ այլ պաշտոնատար անձինք։
Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության երկարաժամկետ բարեփոխումներին եւ ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ տեղական զարգացման կայուն մասնակցային ծրագրեր մշակելու եւ իրականացնելու գործում։ Ծրագիրն իրականացվելու է 52 խոշորացված համայնքում։
Քանի որ ծրագրի առաջնային բաղադրիչներից է բացօթյա ժամանցը խթանող նոր հեռանկարների ներկայացումը՝ հունվարի 26-ին Շիրակի մարզի Աշոցք համայնքում տեղի կունենա նաեւ Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ եւ ԵՄ ֆինանսական աջակցությամբ կառուցված դահուկավազքի կենտրոնի պաշտոնական բացման արարողություն եւ դահուկավազքի փառատոն։
Տեղեկացնենք նաեւ, որ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացնում է Համայնքների ֆինանսիստների միավորումը, Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի եւ Հայաստանի համայնքների միության հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։





























