Զոհված ազատամարտիկ, հրազդանցի Դերենիկ Դանղյանի 28-ամյա դուստրը՝ Աննա Դանղյանը, սուր երիկամային անբավարարություն ունի եւ այս պահին միակ փրկությունը գոնե մեկ երիկամի փոխպատվաստումն է, որի հնարավորությունն ընտանիքը չունի: NEWS.am –ի հետ զրուցում Աննա Դանղյանը պատմեց, որ ինքը Հրազդանից է, բայց տարիներ առաջ ամուսնացել եւ տեղափոխվել է Աբովյան քաղաք: Ամուսնու եւ երկու տղաների հետ ապրում են վարձակալած բնակարանում:
«Մեծ տղաս ինը տարեկան, է, փոքրը՝ 7 տարեկան: Հիվանդությունս ի հայտ է եկել մոտ 6 տարի առաջ: Սուր ցավեր ունեի երիկամների շրջանում, բազմաթիվ հետազոտություններից հետո երեք տարի առաջ վերջնական պարզվեց, որ երկու երիկամներս էլ չեն գործում: Մոտս քրոնիկ երիկամային անբավարարություն է,ախտորոշումը՝ մեմբրանոր նեֆրոպատիա:
Ես արդեն մի քանի տարի հսկվում եմ Արաբկիր ԲԿ-ի նեֆրոլոգ Գայանե Ազատյանի մոտ: Միակ փրկությունը փոխպատվաստումն է: Քույրերս պատրաստակամ են դոնոր դառնալ, եթե Հայաստանում արվի փոխպատվաստումը: Ե՛վ Հայստանում, եւ՛ արտերկրում փոխպատվաստումը մեծ գոմարների հետ է կապված, որի հնարավորությունը չունենք»,-պատմեց Աննան՝ հայտնելով, որ իր հիմնական ցանկությունը բուժումն արտերկրում կազմակերպելն է:
«Հայաստանում էլ են անում փոխպատվաստումը, որը մոտ 8 000 000 դրամ արժե, բայց դրա 50 տոկոսը վճարում է պետությունը, իսկ դոնորը տրամադրում ենք մենք: Ես այս պահին չեմ ուզում քույրերիս այս գործում ներգրավվել, դիտարկում եմ արտերկրում բուժվելու հնարավորությունը: Եթե հնարավորություն լինի, կմեկնեմ ու այնտեղ կբուժվեմ, իսկ արտերկրում բուժումը կազմակերպելու համար մոտավորապես մեր հաշվարկներով մինչեւ 70 000 եվրո է պետք, ճանապարհածախսն էլ հետը»,-նշեց Աննան:
Աննայի հավաստմամբ, տան միակ աշխատողն ամուսինն է, շինարարությամբ է զբաղվում, սակայն նրա աշխատավարձը բավականացնում է միայն Աննայի մշտական օգտագործման դեղերի, կոմունալ վճարների, տան վարձի համար: Աննայի հաշվարկով, շաբաթական մոտ 5000 դրամի չափով դեղեր են գնում: Դրանք դեռ մշտականներն են:
Աննան ասում է, որ հաճախակի երիկամներն են ցավում, այտուցվում է, նյարդային ձգումներ է ունենում, ճնշումն է բարձրանում:
Ընտանիքը ամենատարբեր տեղեր է դիմել օգնության համար, բայց ապարդյուն:Երիտասարդ կնոջ միակ երազանքն այսօր որդիների հետ ծերանալն է:
Նշենք նաեւ, որ Աննա Դանղյանի հայրը՝ Դերենիկ Դանղյանը, Արցախյան ազատամարտի հերոսներից է: Հրազդանի, ապա նաեւ Հատուկ ջոկատի կազմում մասնակցել է Արցախի տարբեր շրջաններում մղված ազատագրական մարտերին: Զոհվել է Լաչինի միջանցքում 1992 թվականին: Աճյունն ամփոփված է Հրազդանի պանթեոնում:
Երիտասարդ կնոջն օգնելու համար ՎՏԲ բանկի Աբովյանի մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ: Հաշվետեր՝ Աննա Դանղյան: Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել նաեւ 093902066 հեռախոսահամարով:
16024048418000 AMD.
16024048418001 USD.
16024048418002 EUR.
16024048418003 RUR

































