Կառավարության կառուցվածքի փոփոխությունը չի անդրադարձել ԵՄ ծրագրերի վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, երբ այցելել էր ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում բացված լեռնադահուկային կենտրոն Աշոցքում։
Դեսպանը հիշեցրել է, որ երեք հյուսիսային մարզերում տուրիզմի զարգացման խթանման նախաձեռնությունը ներկայացվել է նախկին իշխանությունների օրոք եւ կշարունակվի։ Ըստ Պյոտր Սվիտալսկու՝ ԵՄ-ն արդեն վաղուց ջանքեր է գործադրում երկրի շրջանների զարգացման համար։ «Համոզված ենք, որ խնդիրներից մեկը դիսբալանսն է՝ հարուստ Երեւանն ու աղքատ մարզերը։ Երկու տարի առաջ մշակվել են մարզերի զարգացման պիլոտային ծրագրեր։ Դրանով իսկ տրվել է Հայաստանի մարզերի զարգացմանը ԵՄ ավելի ակտիվ մասնակցության մեկնարկը»,- նշել է Սվիտալսկին՝ հավելելով, որ նման ծրագրերը թույլ կտան լրացուցիչ ներդրումներ ներգրավել։





























