Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է դավաճանության մեջ ԱՄՆ-ի ռազմական կցորդ Խոսե Լուիս Սիլվային, որը սատարել է ընդդիմությանը, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով վարչության թվիթերյան էջում հրապարակված գրառմանը:
Պաշտպանության նախարարությունն անվանել է Սիլվայի գործողությունները «դավաճանություն եւ վախկոտություն հայրենիքի նկատմամբ, որը ժառանգվել է ազատարար Սիմոն Բոլիվարից»: «Մենք հերքում ենք գնդապետի հայտարարությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գրառմանը կից տեղադրված է Սիլվայի լուսանկարը «դավաճան» գրությամբ:
Ավելի վաղ Սիլվան կոչ էր արել Վենեսուելայի զինված ուժերին սատարել խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին, որը հունվարի 23-ին հռչակել էր իրեն նախագահ բողոքի զանգվածային ցույցերի ընթացքում: «Բավ է սատարել այն կառավարությանը, որը դավաճանել է հիմնարար սկզբունքները եւ ծախել դրանք՝ ի շահ այլ երկրների»,-դիմել է Սիլվան Վենեսուելայի զինվորականներին:
Ինչպես ԱՄՆ-ում այլ վենեսուելական դիվանագետները, Սիլվան եւս նախագահ Նիկոլաս Մադուրոյից հրաման էր ստացել վերադառնալ հայրենիք: Ամերիկյան դիվանագետներն արդեն լքել են Կարակասը:
ԱՄՆ-ը, Կանադան եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ճանաչել են Գուայդոյին որպես Վենեսուելայի օրինական նախագահ: Հունվարի 26-ին Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան Մադուրոյին վերջնագիր են ներկայացրել, որ եթե ութնօրյա ժամկետուն նա չհայտարարի նոր ընտրություններ, նրանք նույնպես կճանաչեն ընդդիմադիր առաջնորդին որպես Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար:





























