Ժամը 16։00 դրությամբ Մեղրիում և Կապանում +20, Արենիում +16, Արարատում +15։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։

«Թավշյա հունվար 2019)))) Ժամը 16։00 դրությամբ Մեղրիում և Կապանում +20, Արենիում +16, Արարատում +15, Երևանում +11 աստիճան է»,– գրել է նա։

Գագիկ Սուրենյանը՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բարձր ջերմաստիճանը անոմալիա է։

«Նման բարձր ջեմային ֆոնը հունվար ամսին անոմալիա է համարվում, որովհետեւ մոտ 10-12 աստիճանով նորմայից բարձր է, իսկ գիտական տեսանկյունից երբ օդի միջին ջերմաստիճանից 5 եւ ավելի աստիճան բարձր է լինում կլիմայական նորմայից, մենք դա կոչում ենք անոմալիա»,– ասաց նա։

Սուրենյանի խոսքով՝ նման բարձր ջերմային ֆոնը բացատրվում է Իրաքից, Սիրիայից, արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

«Եթե ամսվա կտրվածքով դիտարկենք, նման բարձր ջերմաստիճան հունվարին եղել է 1963 թվականին, իսկ այս օրերին չի եղել, այսինքն՝ պատմական առավելագույն կետ կարող ենք դիտարկել»,– ասաց նա։

Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկա օրերին առանձնապես ջերմաստիճանի անկում չի սպասվում, հունվարի 30-ից հետո հնարավոր է 1-2 աստիճանով ջերմաստիճանը նվազի։