ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով բազային ֆինանսավորման ձեւի փոփոխությանը, որի արդյունքում մի քանի հարյուր գիտաշխատողներ, հնարավոր է, կրճատվեն:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո´ պարոն վարչապետ,
Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձեւը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, անհանգստանալով գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձեւի էական փոփոխության փաստով, դրանով պայմանավորված ԵՊՀ մի քանի հարյուր գիտական աշխատողների հնարավոր կրճատման խնդրով, հարկ է համարում դիմել Ձեզ հետեւյալ հարցով:
Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ԵՊՀ-ում գործում են 3 գիտահետազոտական ինստիտուտ եւ 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա, որոնք ունեն ավելի քան 450 գիտաշխատող եւ այլ տարակարգի մասնագետներ:
Գիտական այս ներուժի պահպանումն ու զարգացումը ոչ միայն համալսարանական, այլեւ հանրապետական ռազմավարական նշանակության խնդիրներ են, քանի որ ԵՊՀ-ն այսօր ապահովում է հանրապետության գիտահետազոտական արդյունքի մոտ մեկ երրորդը: Հաշվի առնելով այս ամենը՝ հարկ է շեշտադրել, որ գիտական գործունեության բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ընդլայնելու եւ զարգացնելու առկա ներուժը՝ միաժամանակ ապահովելով բարեփոխումների անցնցում բնույթը:
Խնդրահարույց է նաեւ հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը, որը տեղի է ունեցել առանց շահագրգիռ կողմերի հետ լայն ու բովանդակային քննարկման, ինչը գիտաշխատողների արդարացի անհանգստության ու բողոքի լրացուցիչ պատճառ է դարձել: Միաժամանակ բարեփոխումների արդի փուլում, երբ օրակարգում են բարձրագույն կրթության եւ գիտական գործունեության մասին համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները, առավել արդյունավետ ենք համարում նախ եւ առաջ անդրադառնալ ոլորտի տարբեր հարցերի հայեցակարգային ու օրենսդրական կարգավորումներին, որից հետո միայն՝ գործնական դաշտ տեղափոխել ֆինանսավորման մեխանիզմների խնդիրը:
Բարձրացված խնդիրն ունի նաեւ սոցիալական բաղադրիչ: Նվազագույն աշխատավարձից գրեթե չտարբերվող վարձատրություն ստացող մտավորականները կարող են կորցնել աշխատանքը կառավարության հիշյալ որոշման հետեւանքով:
Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում գիտական աշխատողները ստանում են անընդունելի ցածր աշխատավարձ, ավելին՝ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային պետական ֆինանսավորումը տարիներ շարունակ նույնիսկ չի նախատեսել գիտական աշխատողների տարեվերջյան պարգեւատրում (13-րդ աշխատավարձ):
Ըստ էության, գործ ունենք մի իրողության հետ, երբ բուհական համակարգի բոլոր տարակարգերի աշխատողները ստանում են հիշյալ պարգեւատրումը՝ բացի գիտաշխատողներից: Կարծում ենք՝ այս խտրական վերաբերմունքը եւս պետք է լուծում ստանա:
Միաժամանակ արհկոմիտեն նշում է, որ բուհերի եւ մյուս գիտահետազոտական հաստատությունների կազմակերպաիրավական ձեւերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ, քանի որ կառավարության հիշյալ որոշումը տարածվում է միայն հիմնադրամի կարգավիճակ ունեցող հաստատությունների վրա:
Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ներկայացնելով ԵՊՀ գիտաշխատողների անհանգստությունը` եւս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին եւ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր՝ պահպանելով գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձեւը մինչեւ ոլորտի օրենսդրական համապատասխան փոփոխությունները:
Ամենեւին կասկածի տակ չառնելով կառավարության կողմից որդեգրած կրթական եւ գիտական ոլորտների բարելավման անհրաժեշտությունը, առաջարկում ենք նախաձեռնել ոլորտի բարեփոխումների ընդգրկուն քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Լիահույս եմ, որ բարձրացված խնդիրը կստանա համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական, սոցիալական եւ աշխատանքային իրավունքներից ու շահերից»:





























