ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի տարածքում փետրվարի 24-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ նոր մանրամասներ են բացահայտվում:
NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը հայտնում է, որ ըստ քաղաքում շրջանառվող լուրերի` տուժող երիտասարդները Սամվել Բալասանյանի որդու`Միսակ Բալասանյանի թիկնապահներն են:
Վեճ-վիճաբանություն, լեզվակռիվ ու ապա դանակահարություն տեղի է ունեցել գարեջրի գործարանի նախկին աշխատակիցների հետ բախման արդյունքում: Ըստ տեղեկությունների օրեր առաջ գարեջրի գործարանում տեղի է ունեցել գողություն, որի մեջ մեղադրվող անձինք հեռացվել են գործարանից: Հենց նրանց հետ էլ 2 օր անց տեղի է ունեցել վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ:
Վիրավոր թիկնապահներին տեղափոխել են Գյումրիի Գ.Գյուլպենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանի փոխանցմամբ նրանցից մեկը`29-ամյա Արթուրը մահացել է ճանապարհին:
«Նա կենսաբանական մահ է տարել, նրա վնասվածքը կրծքավանդակի առաջնային մասում էր, ամենայն հավանականության սրտի վնասվածք էր»,- ասում է վիրաբույժ Ռաֆիկ Տիտիրյանն ու հավելել. «Մյուս երիտասարդին որովայնի ձախ կողմի պատի վնասվածքով են բերել: Նրան վիրահատեցինք, կենսական կարեւոր օրգանների վնասում չի նկատվել: 3 ժամ անց տեղափոխեցին Երեւան»:
Նշենք , որ երիտասարդները Գյումրիի բնակիչներ չեն: Նրանք ապրում են Էջմիածնի հարեւան գյուղերից մեկում:





























