Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել ֆիլիպինցի սպասուհուն՝ սպանության մեղադրանքով, տեղեկացնում է Daily Inquirer ֆիլիպինյան թերթը՝ հղում կատարելով երկրի արտաքին գործերի դեպարտամենտին։
Սաուդյան Արաբիայում Ֆիլիպինների դեսպան Ադնան Ալոնտոյի խոսքով՝ 39-ամյա կինը մահապատժի է ենթարկվել շաբաթվա սկզբին։ Ֆիլիպինների ԱԳՆ-ն «խոր ցավակցություն է հայտնել» կնոջ ընտանիքին՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարողացել փրկել կնոջ կյանքը։
Ալոնտոն ասել է, որ կնոջը ցուցաբերվել է հյուպատոսական օգնություն ողջ դատավարության ընթացքում։
Ինչպես նշում է CNN-ը՝ մահապատժի դատավճիռը հաստատվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի Գերագույն դատական խորհուրդը որոշել է, որ գործը չի կարող կարգավորվել «դիա»-ի օգնությամբ (փոխհատուցում շարիաթի օրենքներով)։ Զոհի ընտանիքի համաձայնության պարագայում մահապատժի փոխարեն վճարվում է որոշակի գումար։
Որեւէ այլ տեղեկատվություն սպանության, գործի կամ մահապատժի մասին չի ներկայացվել։
Ֆիլիպինների կառավարության գնահատականներով՝ երկրի մոտ 2.3 մլն քաղաքացի աշխատում է արտասահմանում։ Դրանց մեկ քառորդը՝ Սաուդյան Արաբիայում։




























