ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետի կողքը ազատ տարածք կա, պետք է քաղաքացիներին հորդորենք իրենք մեքենաները տեղափոխեն այդտեղ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այսօր մեզ զեկուցեցին, որ հենց սահմանակետի կողքը ազատ տարածք կա, հիմա պետք է ՊԵԿ–ի հետ քննարկումներ իրականացնենք, փորձենք քաղաքացիներին հորդորել, որ իրենց մեքենաներն տեղափոխեն այդ տարածք, մինչեւ կընդունվի  համապատասխան որոշումը, որից հետո քաղաքացիները կկարողանան ներկրել մեքենաները ՀՀ տարածք եւ մաքսազերծել»,–նշեց նա։

ԱԱԾ տնօրենը մանրամասնեց, որ ավելի վաղ «Բագրատաշեն» անցման կետի վերաբերյալ  իրենց տարածած հայտարարությունը վերաբերում էր Ազգային անվտանգության ծառայության գործառույթներին. «Խոսքը սահմանի վերահսկողության գործառույթի մասին է, իսկ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների համար»։

Նա շեշտեց՝ ԱԱԾ–ն իրավասություն ունի վարչական պատասխանատվության ենթարկել սահմանային գոտում իրավախախտումներ իրականացրած անձանց. «Այնտեղ նախնական գնահատականներով կա 700 մեքենա, որոնք անընդհատ ավելանում են։ Մենք իրավասություն ունենք վարչական պատասխանատվության ենթարկել սահմանային գոտում իրավախախտումներ իրականացրած անձանց, բայց մենք այդ գործառույթից այս պահին չենք օգտվում եւ կոչով դիմել ենք քաղաքացիներին, որ նրանք իրենց մեքենաները հանեն այդ տարածքից, իսկ մենք կարողանանք իրակնացնել օրենքով սահմանված մեր լիազորությունները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչեւ հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»։