ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանի` ԵԽԽՎ 1416 բանաձեւի մասին արած դրվատալից պնդումներին` «Առավոտ»-ին ասել է. «Հայտնի է, որ մարդիկ երբ սխալ են գործում` հակված են գտնելու արդարացումներ: Պարոն Թորոսյանն այս առումով բացառություն չէ: Պարզ է, որ եթե նա քվեարկել է 1416 բանաձեւի օգտին, ապա պետք է փորձի գովաբանել այն, այդ բանաձեւում պեղելով «շատ կարեւոր» դրույթներ: Ավելին, նա նշում է. «Ես ոչ միայն կողմ եմ եղել, որ ընդունվի բանաձեւը, այլեւ դրա համար շատ ջանքեր եմ գործադրել եւ ցանկանում եմ ասել, որ հպարտ եմ, որ կարողացել եմ դա անել հանուն Արցախի»:
Թերեւս արժե հիշեցնել, որ այդ բանաձեւը թե Հայաստանի, թե Արցախի քաղաքական շրջանակներում հիմնականում առաջացրեց անբավարարություն եւ չսքողված ցավ, իսկ Ադրբեջանում` աննախադեպ ցնծություն»:





























