Երեւանի Արշակունյաց պողոտայում, «Ջերմուկ Գրուպ» ընկերության մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ն անց մի կնոջ եւ դիմել փախուստի: Կինը տեղում մահացել է:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին դեպքի ականատես կանայք, վրաերթի ենթարկող մեքենայի վարորդը դուրս է եկել մեքենայից, կնոջը փողոցից տեղափոխել մայթ, ապա նստել մեքենան ու հեռացել:

Նշենք, որ այդտեղ հետիոտնի համար նախատեսված անցման վայր է եւ կինը, ամենայն հավանականությամբ, անցել է հենց այդ վայրով:

Վրաերթը տեղի է ունեցել ժամը 10:00-ի սահմաններում, սակայն ծեր կնոջ դիակը տեղափոխվել է ժամը 11:20-ի սահմաններում: Այդ ընթացքում վթարի վայրում  ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տեղազննման աշխատանքներ էին կատարում: