Սումգայիթում հայերի դեմ իրականացված սպանդի 23-ամյա տարելիցին Լոս Անջելեսի հայ երիտասարդները փետրվարի 25-ին բողոքի զանգվածային միջոցառում են կազմակերպել Ուիլշեր պողոտայի վրա` Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջեւ:  «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Ադրբեջանի հյուպատոսության առջեւ ցուցարարները  վանկարկել են «Ադրբեջան, դադարիր հովանավորել ահաբեկությունը», «Ալիեւ, դադարիր ատելություն սփռել», «Ադրբեջան, ձեռքերդ հեռու Հայաստանից եւ Ղարաբաղից»,  «Ամերիկահայ համայնքը պատրաստակամ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը» եւ այլ կարգախոսներ:

Ցուցարարները նաեւ այդ կարգախոսների անգլերեն գրությամբ պաստառներով անցորդներին տեղեկացրել են իրենց բողոքի մանրամասների մասին:

Հայ ցուցարարներին միացել են նաեւ օտարազգիներ եւ իրենց մասնակցությունը բերելով մարդկության դեմ իրականացված հանցագործությանն արժանի գնահատական տալու` հայ ժողովրդի պահանջին: