Ընթացիկ հարյուրամյակի վերջին ֆիտոպլանկտոնի վրա ազդեցության հաշվին կլիմայի փոփոխության շնորհիվ Համաշխարհային օվկիանոսի կանաչ մասերն ավելի կանաչ կդառնան, իսկ կապույտ մասերն՝ ավելի կապույտ։ 2100թ․, ամերիկացի եւ բրիտանացի գիտնականների հաշվարկներով, օվկիանոսի մոտ կեսի գույնը կփոխվի, եւ դա նկատելի կլինի արբանյակներից՝ հայտնում է «N+1»-ը՝ հղում կատարելով Nature Communications ամսագրին։
Մարդու գործունեության պատճառով կլիմայի փոփոխության գլոբալ հետեւանքներից մեկը Համաշխարհային օվկիանոսի մակերեւութային շերտերի ջերմաստիճանի փոփոխությունն է, ինչը կարող է ազդել ֆիտոպլանկտոնի վրա, որը արեւի լույսի հետ իր փոխազդեցության շնորհիվ այս կամ այն գույնն է տալիս ջրին։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Ստեֆանի Դատկեւիչը եւ նրա գործընկերները ստեղծել են գլոբալ մոդել, որը ցույց է տալիս, թե ինչպես է ֆիտոպլանկտոնի բաղադրությունը փոփոխվում ջերմաստիճանի փոփոխությանը համընթաց։
Գիտնականների հաշվարկներով, եթե 2100թ․ գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանա 3 աստիճանով՝ համեմատած մինչինդուստրիալ ժամանակաշրջանի հետ, Համաշխարհային օվկիանոսի ջրի ավելի քան կեսի (63 տոկոս) գույնը կփոխվի։ Առավել կապույտ հատվածները (մասնավորապես՝ մերձարեւադարձային) ավելի կապույտ կդառնան այն բանի հաշվին, որ այնտեղ ավելի քիչ ֆիտոպլանկտոններ կլինեն, քան այժմ կան, իսկ ավելի կանաչ հատվածները (օրինակ՝ բեւեռների մոտ) ավելի կկանաչեն, քանի որ այնտեղ, հակառակը, կակտիվանա ջրի ծաղկումը։ Այս փոփոխությունները տեսանելի կլինեն արբանյակների համար, որոնց կատարած լուսանկարներից այժմ էլ կարելի է գնահատել ֆոտոպլանկտոնների թիվն այս կամ այն հատվածում։




























