Տորոնտոյի CN Tower աշտարակը, որն ամենաբարձրն է Կանադայում, երկուշաբթի լուսավորվել է Վենեսուելայի դրոշի գույներով՝ ի նշան Օտտավայի աջակցության վենեսուելական ընդդիմությանը։ Այս մասին ասվում է կանադական ԱԳՆ պաշտոնական Թվիթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Լիմայի խմբի պատմական հանդիպման ավարտից հետո Վենեսուելայի դրոշի գույները փայլեցին CN Tower-ի վրա՝ ցույց տալու մեր աջակցությունը վենեսուելացի ժողովրդին դեմոկրատիայի համար մղվող իր պայքարում»,- նշվում է դեղին, կապույտ ու կարմիր լուսավորված աշտարակի լուսանկարի տակ։ Երկնաքերը կառուցվել է 1976թ. եւ մինչեւ 2007թ. ամենաբարձր ազատ կանգնած շինությունն էր աշխարհում։ Նրա բարձրությունը 553,3 մ է։

Փետրվարի 4-ին Օտտավայում տեղի ունեցավ Լիմայի խմբի նիստը, որի մասնակիցները, մասնավորապես, աջակցություն հայտնեցին ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյին ու առաջարկեցին իշխանությունը երկրում խաղաղ փոխանցել՝ նախագահական ընտրությունների միջոցով։

Հունվարի 23-ին Գուայդոն, որի նշանակումը դրանից երկու օր առաջ խորհրդարանի նախագահի պաշտոնին չեղարկել էր Վենեսուելայի Գլխավոր դատարանը, իրեն հռչակեց նախագահի պաշտոնակատար։ Պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոն կատարվածն անվանեց հեղաշրջման փորձ եւ հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։