Ադրբեջանը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ, բայց Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոլումբիայի համալսարանին կից Հարիմանի ինստիտուտում: Այդ մասին հաղորդում է «Trend News» գործակալությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, թե հակամարտության կարգավորումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է: Նախարարի խոսքերով, Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ հակամարտության լուծումը կարեւոր է ոչ միայն նրա, այլեւ՝ ողջ տարածաշրջանի զարգացման համար:

Ընդ որում, նա ընգդծել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է, եւ հանգում է նրան, որ միայն «փախստականների՝ հարազատ տներ վերադարձից հետո կարելի է բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, օրերս ռուսաստանյան «Վեստի վ սուբոտու» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահը ներկայացրել էր իր տեսակետն այդ հարցում: Նա հայտարարել էր. «Իմ դիրքորոշումը բազմիցս է ներկայացվել, այդ թվում՝ Իլհամ Ալիեւին եւ համանախագահներին: Այն է՝ փախստական-ադրբեջանցիները լիարժեք իրավունք ունեն վերադառնալ իրենց հարազատ օջախները, բայց դա կարող են անել միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Չի եղել որեւէ հակամարտություն, որտեղ փախստականների վերադարձը ժամանակից շուտ նոր բռնկումներ չսադրի: Իսկ մենք հանուն ինչի՞ ենք գնում լուծման: Հանուն խաղաղության, հանուն կայունության, այն բանի համար, որ յուրաքանչյուր մարդ իմանա, թե որտեղ է ապրելու»: