Համատիրությունների աշխատանքը պետք է կայանա համակարգային առումով: Այսօր՝ փետրվարի 28-ին նման տեսակետ է հայտնել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել համեմատաբար հաջողված համատիրություններին աջակցելու նպատակով, ինչն իր հերթին խթան կհանդիսանա մյուսների համար. Վարչական շրջանների ղեկավարներին առաջարկվել է պարբերաբար խորհրդակցություններ կազմակերպել համատիրությունների հետ, բացի այդ նույնական եւ պարզ ձեւ մշակել համատիրությունների կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացվող հաշվետվությունների համար:
Անդրադառնալով Երեւանում կառուցապատողների կողմից շինարարության ժամկետների խախտումներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել աշխատանքը եւ օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել ժամկետային խախտումները բացառելու ուղղությամբ. «Մեզ համար նախ եւ առաջ պետք է հստակ լինի, թե քանի՞ կառուցապատող կա քաղաքում, ո՞վ է սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ հող վերցրել ու դրանից հետո ժամկետների համար չի դիմել: Գույքագրման արդյունքում լիարժեք պատկեր ունենալուց հետո կառուցապատողների պայմանագրերի մասին տեղեկատվությունը ուղղորդել վարչական շրջաններ եւ հետեւողական հսկողություն իրականացնել պարտավորությունների հետ կապված»,- ընդգծել է քաղաքապետը:
Շեշտվել է, որ շինարարության ժամկետների պահպանումը լինելու է ոչ թե միանվագ ակցիա, այլ կրելու է ամենօրյա աշխատանքային բնույթ:
Խոսելով մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման անհրաժեշտության շուրջ, Երեւանի քաղաքապետը հանձնարարել է մշակել հստակ հայեցակարգ, որը իրատեսորեն կդիտարկի վերելակային տնտեսության առկա խնդիրները: Ըստ այդմ, հանձնարարվել է հաշվարկել մայրաքաղաքում առկա վերելակների վերանորոգման եւ նորացման համար անհրաժեշտ միջոցները եւ համապատասխան առաջարկ ներկայացնել այդ նպատակով վարկային եւ ներդրումային ծրագրեր ներգրավելու համար:




























