Եթե ուսումնասիրենք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011թ. գործունեության ծրագիրը, կարելի է համոզվել, որ ուսումնասիրված 12 շուկաներից 7-ում բարձր կենտրոնացում է, մասնավորապես շաքարի շուկայում 100 տոկոս է, մինչդեռ մենաշնորհների առկայությունը արգելվում է օրենքներով եւ Սահմանադրությամբ, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Դա, ըստ Մինասյանի, վկայությունն է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգը անարդյունավետ է գործում: «Եթե հանձնաժողովը չի կարողանում գլուխ հանել իրավիճակից, ինչու է պետական ֆինանսավորում ստանում»,- հարց է տվել Մինասյանը: Պատգամավորի կարծիքով, հայկական շուկայում ստեղծված իրավիճակը վկայում է, որ հայկական տնտեսության կառուցվածքը չի ապահովում մրցակցությունը եւ ընդհանուր ոչինչ չունի երկրում ստեղծված իրողությունների հետ:
«Անգամ Հայաստանի վարչապետն է ընդունում, որ տնտեսության մեջ խորը արմատներ են ձգել մենաշնորհներն ու օլգոպոլիաները: Հետեւաբար կառավարության ղեկավարն այս ֆոնին ընդունում է, որ գործադիրն անկարող է պայքարել այդ երեւույթների դեմ»,- հայտարարել է Մինասյանը` հավելելով, որ այդ դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա:




























