Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ:  

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանից հետո Գ. Պետրոսյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի եւ կազմակերպության աշխատակիցների հետ` քննարկելով ԼՂ հակամարտությանն ու բանակցային գործընթացին, ինչպես նաեւ Սփյուռքի հայկական համայնքների կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Փետրվարի 26-ին Գեորգի Պետրոսյանը հանդիպում է ունեցել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակին, Արցախի կյանքի տարբեր բնագավառներին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը մի շարք հարցերում:

Գեորգի Պետրոսյանն այցելել է Սուրբ Մարիամ եւ Սուրբ Խաչ եկեղեցիներ, ներկա գտնվել պատարագին, այնուհետեւ` զրուցել հոգեւորականների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սբ.Խաչ եկեղեցում նախարարը հանդես է եկել ելույթով, որում հայ համայնքի անդամներին ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` նշելով ղարաբաղյյան հիմնախնդրի արդարացի լուծման համար Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի ջանքերի միավորման անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաեւ հայ համայնքի անդամներին հուզող հարցերին: