Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի փակման դեմ բողոքող աշխատակիցների հանդիպումը Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ավարտվել է մեկ ժամ առաջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ Արմեն Կիրակոսյանը՝ հավելելով, որ բողոքի ակցիան դեռ շարունակվում է:
«Ըստ նախնական տվյալների՝ «Վալեքս-Գրուպ»-ն ինչ-որ փաստաթղթեր է ներկայացրել, որոնք փոխանցվել են բանկին (ՎՏԲ – խմբ.): Հետագա քայլերը պետք է ձեռնարկվեն բանկի կողմից: Այլ հարց է՝ կընդունի արդյոք բանկն «Ալեքս-Գրուպ»-ի եւ կառավարության առաջարկները, թե ոչ»,-պարզաբանել է Արմեն Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ 6-7 հոգանոց ընդվզողների խումբը փետրվարի 15-ին ուղեւորվել էր Երեւան Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ բանակցելու:
Ավելի վաղ հայտնի էր, որ փետրվարի 15-ին Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի աշխատակիցները կրկին փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Նրանք պահանջում էին հանդիպում Հայաստանի վարչապետի կամ փոխվարչապետի հետ:
Երկու օր առաջ Ալավերդու բնակիչները եւս փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթուղին: Այդ ժամանակ նրանց հետ հանդիպել էին Լոռու մարզպետն ու ոստիկանապետը: Արդյունքում ցուցարարները բացել էին ճանապարհը՝ պայմանավորվելով հարցի քննարկումը տեղափոխել փետրվարի 15-ին:
Հանդիպմանը պետք է ներկա գտնվեին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՎՏԲ բանկի ներկայացուցիչն ու Էյ-Սի-Փի ընկերության սեփականատերը: Սակայն քննարկմանը ներկա էին միայն Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն ու Էյ-Սի-Փի ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:
Հանդիպման ընթացքում մարզպետ Ղուկասյանը հայտարարել է, որ ներդրումներ գտնելու փորձեր են ձեռնարկվում. ներկայումս բանակցություններ են ընթանում երկու օպերատորների հետ: Նա առաջարկել է նաեւ ստեղծել 4-5 հոգանոց խումբ, մեկնել Երեւան եւ քննարկել տվյալ հարցը փոխվարչապետի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան» բանկում գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան» բանկից հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան» բանկի սեփականությունն է:




























