Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ընտրություններն անցնում են հանգիստ, ընտրախախտումներ չեն գրանցվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետի թեկնածու, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։
«Հանգիստ է, ընտրություններն անցնում են լավ իրավիճակում, մասնակցությունն էլ այս պահին մոտ 43 տոկոս է։ Ժողովուրդը հանգիստ գալիս է, իր ընտրությունը կատարում է, գնում է տուն, սպասում է»,– ասաց Անդրեասյանը՝ նշելով, որ ինքը ամիսներ առաջ հրաժարական ներկայացրեց, որպեսզի համայնքում կոնֆլիկտ չլինի, եւ նոր ընտրություններով ինքն ապացուցի իր իրավացիությունը։
Նախկին համայնքապետն իր շանսերը գերազանց է գնահատում։
«Ընդամենը 6 ժամից կերեւա, ես ճիշտ եմ, թե սխալվել եմ, բայց հաստատ չեմ սխալվում։ Ես չգիտեմ՝ իմ գլխավոր մրցակիցն ով է, ես ընտրվող եմ, միանշանակ։ Ես իմ շանսերը ժողովրդին նայելով՝ գերազանց եմ համարում։ Հուսով եմ, որ հեսա մի քանի ժամ հետո խմելու շորերը հագնելու ենք ու սկսելու ենք նշել։»,– ասաց նա։
Նշենք, որ խոշորացված Ուրցաձոր համայնքում տեղի են ունենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առաջադրվել են համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ՔՊ-ական Գեւորգ Ավետիսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ, անկուսակցական Բագրատ Խաչատրյանը եւ եւս չորս անկուսակցական թեկնածուներ:





























