Քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ 2018 թվականի տարեվերջին ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
Խմբի ստեղծման նպատակը՝ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրությունը եւ ուսումնասիրության արդյունքում վերհանված՝ այդ ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացմանն (այդ թվում՝ օրենսդրական դաշտի եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերանայմանն) ուղղված առաջարկությունների մշակումն է:
Հանդիպումը վարել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: Նա, ողջունելով ներկաներին, նշել է, որ հաշվի առնելով էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ էներգակիրների տատանվող գները՝ էներգաարդյունավետ լուծումների կիրառումը եւ դրա շնորհիվ էներգետիկ ռեսուրսների ծախսի նվազեցումը հանդիսանում է մեր պետության առաջնահերթությունը:
Ընդ որում, էներգախնայողության հիմնական պոտենցիալն ունենք շենք-շինություններում, հատկապես՝ բնակարանային հատվածում:
Շեշտադրվել է նաեւ, որ ՀՀ կառավարության նոր ծրագրով առանձնակի կարեւորվել են էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովումը, վերականգնվող էներգետիկ եւ էներգախնայող համակարգերի զարգացումը, միջազգային կառույցների հետ էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի օգտագործման մեխանիզմների գործարկման նպատակով համագործակցության ընդլայնումը:
Այս առումով, աշխատանքային խումբը լավ հարթակ է հատկապես էներգաարդյունավետության եւ էներգախնայողության միջոցառումների իրականացմանը խոչընդոտող գործոնների վերհանման եւ դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների մշակման համար (այդ թվում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, գոյություն ունեցող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ):
Այնուհետեւ, պետական կառավարման մարմինների եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր մասով՝ համառոտ ներկայացրել են իրականացվող ծրագրերն ըստ ուղղությունների (լուսավորություն, տրանսպորտ, շենքեր-շինություններ եւ այլն) եւ դրանց իրականացման ժամանակ ի հայտ եկած՝ կանոնակարգման ենթակա հարցերը, որոնց շուրջ էլ ծավալվել է քննարկումը:
Օրակարգում է եղել նաեւ հանրապետության դպրոցներում էներգախնայողության համակարգերի ներդրման հնարավորության հարցը:
Հարցերի քննարկման ընթացքում աշխատանքային խումբն առանձնացրել է հնչած առաջարկները՝ համապատասխան փորձագետների հետ ուսումնասիրելու, հետագայում արդեն դրանց շուրջ առաջարկություններ ձեւավորելու նպատակով:
Հանդիպման ավարտին, Արմեն Ղուլարյանը նշելով, որ աշխատանքային խումբը լավ հարթակ է հատկապես էներգաարդյունավետության եւ էներգախնայողության միջոցառումների իրականացմանը խոչընդոտող գործոնների վերհանման եւ դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների մշակման համար՝ շեշտել է, որ հաջորդող հանդիպումներին ըստ անհրաժեշտության կներգրավվեն նաեւ նշված ոլորտում գործունեություն իրականացնող տեղական եւ միջազգային կառույցներ, մասնագետներ:





























