Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր գործընկերների հետ միասին պարգեւատրել է այն ընկերություններին, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում լավագույն էներգաարդյունավետության եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։ Լավագույն նախագծերը, որոնք, արդյունքում, հաղթող են դարձել, միջոցառման կազմակերպիչների կարծիքով, նպաստել են Հայաստանում ածխաթթու գազի արտանետման կրճատմանը։
Ծրագրի շրջանակներում միջոցներ են տրամադրվել հայկական ֆինանսական հաստատություններին, որոնք, իրենց հերթին, վարկեր են տրամադրել մասնավոր հատվածին եւ բնակարանաշինությանը՝ երկրում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ներդրումների համար։
ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարել նաեւ նոր ֆինանսական նախագծում՝ կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրում (GEFF)։
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում հանձնվեց վեց պարգեւ էներգաարդյունավետության լավագույն ծրագրերի համար։
Պարգեւներ հանձնվեցին նաեւ մի քանի ֆինանսական հաստատությունների՝ «Փոփոխությունների գործակալ» անվանակարգում։
Պարգեւներ ստացան «Ամերիաբանկը»՝ ջերմոցային տնտեսություններում կանաչ ներդրումների, «ACBA Leasing»-ը՝ էներգիայի վերականգնվող աղբյուրներում ներդրումների, «Inecobank»-ը՝ տեքստիլ արդյունաբերությունում կանաչ ներդրումների, «ACBA-CREDIT AGRICOLE BANK»-ը՝ բնակարանաշինության սեկտորում կանաչ ներդրումների, «HSBC բանկ Հայաստանը»՝ փաթեթավորված ապրանքներում կանաչ ներդրումների, «ArmSwissBank»-ը՝ սննդարդյունաբերությունում կանաչ ներդրումների, «SEF International» վարկային կազմակերպությունը՝ միկրոֆինանսավորման միջոցով կանաչ ներդրումների համար։
Հայաստանում ԵՄ առաքելության համագործակցության բաժնի ներկայացուցիչ Գոնսալո Սեռանոն, մասնավորապես, նշեց, որ իրենք լիովին աջակցում են Հայաստանում տնտեսական հեղափոխության գաղափարին եւ այդ նպատակով հավելյալ ռեսուրսներ են հավաքագրում։ «Մենք պատրաստվում ենք օգնել մասնավոր սեկտորի զարգացմանը, նախատեսում ենք աջակցել բազմաթիվ ծրագրերի իրականացմանը կանաչ տնտեսության ոլորտում։ Բացի այդ, ԵՄ-ը մի շարք ծրագրեր ունի զբոսաշրջային ոլորտում եւ նորարարական սեկտորում՝ հայկական տնտեսության խթանման համար։ Եվ, անշուշտ, հիանալի հնարավորություն կընձեռվի ֆինանսական ապրանքների հասանելիության բարձրացման առումով, առաջին հերթին, փոքր ու միջին բիզնեսի համար, որը նույնպես մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկն է»,- նշել է Սեռանոն։ Ընդ որում՝ նա հավելել է, որ իրենք այսօրվա դրությամբ նախատեսում են համագործակցություն ՎԶԵԲ-ի հետ տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ համագործակցություն պետական հատվածում, կայուն զարգացման ապահովման, կանաչ տնտեսության զարգացման, արդյունաբերության խրախուսման, ինչպես նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրնեի զարգացման տեսակետից, ինչի համար մշակվել է EU for Energy» բրենդը, որը նախատեսում է կայուն զարգացում հենց այս ոլորտում։
Դրանից բացի, Հայաստանում ԵՄ առաքելության համագործակցության բաժնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՎԶԵԲ-ի հետ առավելապես համագործակցել են փոքր եւ միջին բիզնեսի համար ֆինանսական արդյունքի հասանելիության մեծացման նպատակով: «Մենք փորձում ենք բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծել, կապիտալի նոր ֆոնդ, սակայն միաժամանակ ունենք դրամաշնորհային հրաշալի ֆոնդ, որի շնորհիվ իրականացնում ենք արտաքին իրազեկման, ինչպես նաեւ կոշտ թափոնների կառավարման նախագծեր: Իսկ ենթակառուցվածքների առումով գիտեք, որ Հայաստանում առկա է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հատուկ անհրաժեշտություն, եւ այս հարցում մենք սերտորեն համագործակցում ենք ՎԶԵԲ-ի հետ, որպեսզի զարգացման ուղիներ գտնենք, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի հետագա իրականացման համար»,- պարզաբանեց Գոնսալո Սերանոն:
Ի պատասխան հարցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ են Երեւանում տրանսպորտային զարգացման նախագծեր, Սերանոն նշեց, որ Հայաստանի մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորման հարցով զբաղվում են Ասիական զարգացման բանկը եւ ՎԶԵԲ-ը, իսկ նրանք աշխատում են «կանաչ օրակարգով»: «Դրանից բացի, մենք համագործակցում ենք համայնքապետարանների, քաղաքապետարանների հետ, մասնավորապես՝ այսպես ասած, կայուն կանաչ քաղաքների ստեղծման ուղղությամբ»,- ամփոփեց Սերանոն:
Նշենք, որ ԵՄ եւ Ավստրիայի կառավարության կողմից ֆինանսավորվող էներգետիկայի ֆինանսավորման ՎԶԵԲ նախագիծը ավարտին է մոտենում: Ծրագրի շրջանակում մի շարք հայկական ֆինանսական հաստատությունների միջոցներ են հատկացվել, որոնք, իրենց հերթին, վարկեր են տրամադրել մասնավոր գործունեությամբ եւ անշարժ գույքով զբաղվող ընկերությունների՝ դրանով նպաստելով «կանաչ ներդրումների» առավել արդյունավետ ներդրմանը՝ երկրում էներգիայի օգտագործման արդյունավետությունը մեծացնելում նպատակով:
Հայաստանի տարածքում ՎԶԵԲ կողմից Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) իրականացնում է անմիջական ֆինանսավորում, խորհրդատվություն է տրամադրում, իսկ որոշ դեպքերում վարկառուների պարգեւատրում, ինչը նպաստում է բիզնեսի մրցունակության բարձրացմանը՝ բարձրտեխնոլոգիական տեխնոլոգիաների ներդրման եւ էներգաարդյունավետ մեթոդաբանության կիրառման հաշվին:





























