«Տասներկու տարի է՝ պատգամավոր եմ, չի եղել մի դեպք, որ քաղաքացուն վարկ տան, ու այդ վարկը հետ վերադառնա»,- սա ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հայտարարությունն է, որն այսօր՝ մարտի 1-ին հնչեց մամուլի ասուլիսում։ Նա օրինակ բերեց բռնադատվածներին հատկացված 1 մլրդ դրամ բյուջետային վարկերը, որոնցից միայն 8 տոկոսն է հետ վերադարձվել։ Կառավարությունը նույնիսկ ցանկացել է դատական գործընթաց սկսել այդ վարկերը վերադարձնելու համար, սակայն, Հակոբյանի խոսքով՝ այնուհետ որոշել է պարզապես ժամկետները հետաձգել։ «Խաթարված է պետություն-քաղաքացի վարկային ուղիղ մատակարարում ապահովող կապը»,- եզրակացրեց ԱԺ պատգամավորը։

Այնուամենայնիվ՝ Հ. Հակոբյանը համոզված է, որ գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է գյուղացուն արտոնյալ վարկեր ու սուբսիդիաներ տալ։ «Հարկավոր է համալիր մոտեցում ցուցաբերել գյուղատնտեսությանը։ Տավարի միսը 2 տարում 2 անգամ թանկացավ, սակայն տավարի գլխաքանակը չավելացավ։ Նախկինում բողոքում էին, որ միսն էժան է, դրա համար անասուն չեն պահում։ Հիմա միսը թանկ է, բայց անասնագլխաքանակը չի ավելանում»,- ասաց Հ. Հակոբյանը։

NEWS.am-ի այն դիտարկմանը, որ թանկացել է նաեւ անասնակերը, Հ. Հակոբյանը չհամաձայնեց։

Նույն ասուլիսին ներկա Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ հայ գյուղացիներից շատերը նախընտրում են մորթել անասունը, որպեսզի նպաստ ստանան։ Նրա կարծիքով՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետությունը պետք է սկսի գյուղմթերքների արտադրությամբ զբաղվել, ինչպես նաեւ անվճար ջուր մատակարարի սահմանամերձ շրջանների ֆերմերներին։