Հայ հեղափոխական դաշնակությունն ու Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը դիպվածային ընդդիմություն են: Այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հրապարակախոս Անուշ Սեդրակյանը: Նա նշեց, որ հենց քաղաքական իրադրությունը փոխվում է, այդ երկու ուժերը հանդես են գալիս որպես ընդդիմություն: Դրանք երկուսն էլ, ըստ բանախոսի, ունեն միավորող գծեր` հայրենասիրական, կրոնական շեշտի կրողն են: «Այդ երկու քաղաքական ուժերի հեղինակությունների անկումները ցույց են տալիս, որ Հայաստանում այլեւս հնամենի հայրենասիրական, աստվածավախ թեզերը չեն աշխատում»,-նկատեց Սեդրակյանը:
Նա անդրադարձավ նաեւ Հայաստանում սոցիալական բունտի հավանականությանը, նկատելով, թե երկրում գնալով հասունանում է այդ հեռանկարը: Սեդրակյանը նշեց, որ արդեն տեսանելի են սոցիալական բունտի կղզյակներ, որոնք կարող են վերածվել սոցիալական ուղղվածության ակցիաների մեծ հոսքի: «Հայաստանում քանի տոկոսով թանկանում է սննդամթերքը, այդքան տոկոսով ավելանում է բողոքավոր զանգվածը»,-նկատեց Սեդրակյանը` եւ հավելեց, որ յուրաքանչյուր ընդդիմադիր կառույց պետք է դնի սոված ժողովրդին կերակրելու մեխանիզմների խնդիր: Սակայն, նրա խոսքով, Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում եւ Հայ ազգային կոնգրեսը, հստակ չի սահմանել, թե ինչպես է դա անելու:





























