Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Ճապոնիան Հայաստանում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել : NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Ըստ նրա՝ նախագծերը հիմնականում իրականացվել են ԶՊՕ (զարգացման ուղղված պաշտոնական օգնություն) միջոցով, որը ներառում է վարկեր, դրամաշնորհային օգնություն եւ տեխնիկական աջակցություն: 2016 ֆիսկալ տարում Ճապոնիան ԶՊՕ շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրել է 436.76 մլն դոլար: Նման օրինակներից մեկը Երեւանի համակցված արտադրության կոգեներացիոն կայանն է, որը ֆինանսավորվել է Ճապոնիայի վարկի հաշվին:
«Ինչպես գիտեք, այս էլեկտրակայանը այժմ ազգային տնտեսության շատ կարեւոր մաս է եւ մեծ ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգությունում: Մենք նաեւ աջակցում ենք տեղական արտադրության զարգացմանը եւ աջակցում ենք Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում տեղական ապրանքանիշերին:
Աջակցություն է ցուցաբերվել տեղական արտադրության զարգացման եւ տեղական ապրանքանիշերի առաջխաղացման այսպես կոչված «OVOP - OneVillageOneProduct» ծրագրի միջոցով, որը իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով », - ասաց դեսպանը:
Դիվանագետը հիշեցրեց, որ համագործակցության համար կարեւոր հիմք է աղետների կանխումը: «Երկու երկրները պարբերաբար տուժում են բնական աղետներից, եւ մենք շատ սերտորեն աշխատում ենք Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ: 2008 թ. մենք 28 հրշեջ մեքենաներ տրամադրեցինք Երեւան քաղաքի համար, իսկ այս տարի եւս 39 հրշեջ մեքենաներով ապահովվելու են Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերը: Այս տարի կիրականացվի նաեւ կապի բարելավման եւ հանրային իրազեկման բարձրացման եւս մեկ նախագիծ:
Անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին ես այցելեցի Սպիտակ՝ մասնակցելու 1988 Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Մենք խորապես զգացված եւ երախտապարտ ենք 2011 թ. մարտին Արեւելյան Ճապոնիայում Մեծ երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդի ջերմ աջակցության համար:
Արտակարգ իրավիճակների նախարարության Սպիտակի մասնաճյուղի աշխատակիցները նախկինում JICA աջակցություն շրջանակում այցելել են Ճապոնիա, նախաձեռնողականություն են ցուցաբերել եւ գեղեցիկ խաչքար տեղադրել Ճապոնիայում զոհվածների հիշատակին՝Սպիտակի ողբերգության զոհերի հուշարձանի կողքին », - նշեց Ջուն Յամադան:





























