Անհրաժեշտ է կանխել Հայաստանից կապիտալի արտահոսքը: Փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանությունների նախաձեռնությունը պետք է միայն ողջունել, սակայն դա պետք է տեղի ունենա համակարգային մակարդակում եւ առանց պետությանն ու տնտեսությանը վնաս հասցնելու: «Միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելը խնդիրը չի լուծի: Խնդիրն այն է, որ պայքարը հաճախ վարում են միայն վերեւները: Եթե ներքեւը չի միանում գործընթացին, ապա անհնար է հաջողություն սպասել: Իսկ մարդիկ, որոնք պետությունից գողացել են, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց նա:

Անդրադառնալով նոր սահմանադրական փոփոխությունների թեմային՝ Վիգեն Խաչատրյանը շեշտեց, որ դա պետք է անցկացվի քաղաքական ուժերի համաձայնությամբ: «Անհրաժեշտ է վստահության մեխանիզմ ստեղծել: Շոշափելի փոփոխությունների համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի աշխատանքը, ինչպես նաեւ քաղաքացիների աջակցությունը»,- եզրափակեց նա: