Չինաստանում ավարտվել է «պլազմային հրետանու» տեխնոլոգիաների ստեղծման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը։ Հրետանային համակարգերում մագնիսացված պլազմայի սկզբունքների օգտագործման արտոնագիրը 2015 թվականին ստացել է Զրահատանկային զորքերի ակադեմիայի գիտնականների խումբը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանվում է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) գնումների կայքում, տեխնոլոգիան նախատեսում է էլեկտրամագնիսական դաշտի օգտագործում ականներով հրաձգության համար, ինչը թույլ կտա ավելացնել դրանց թռիչքի արագությունն ու հեռավորությունը։

Չինացի կոնստրուկտորները դեռ նոր են սկսել «պլազմային հրետանու» ստեղծումը, այն որպես լիարժեք զենք հնարավոր է միայն հեռավոր ապագայում։

Արտոնագրի համաձայն՝ զենքը պատրաստվելու է մագնիսացված նյութից, որը պատելու է փողը, եւ գեներատորից, որը ձեւավորելու է մագնիսական դաշտ փողի ներսում։ Ընդ որում՝ այդ դաշտի ուժն աստիճանաբար թուլանում է փողի պատերից դեպի կենտրոնական ներքին առանցք։ Կրակոցի ժամանակ առաջացող գազը իոնացվում է, վերածվում պլազմայի եւ մագնիսական դաշտի օգնությամբ ձգվում դեպի փողի ներքին պատերը՝ դրանք ծածկելով խիտ շերտով։ Դա, հեղինակների մտահղացմամբ, նվազեցնում է ականի շփման ուժը, զգալիորեն ավելացնում կրակոցի հզորությունն ու հեռավորությունը, ինչպես նաեւ նվազեցնում փողի մաշվածության գործակիցը։