New Yorker ամերիկյան պարբերականը հրապարակել է նոր համարի շապիկը՝ «Իսկական արտակարգ դրություն» խորագրով, որը լույս կտեսնի հաջորդ շաբաթ, հաղորդում է Gazeta-ն:

Շապիկի վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է, որը, փոթորկի ժամանակ չգտնելով թաքստոց, կանգնած է գրեթե ամբողջովին խորտակված Սպիտակ տան տանիքին: Նրա ձեռքերում «ավարտին հասցրեք պատի կառուցումը» գրառմամբ կարմիր պաստառ է:

Խոսքը վերաբերում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատը կառուցելուն միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար: Ամերիկայի առաջնորդը պնդում է կառուցել պատը: Դրա կառուցումը ֆինանսավորելու համար Թրամփն ավելի վաղ հայտարարել էր երկրում արտակարգ դրություն:

Շապիկը կոչված է ցույց տալու, որ իսկական արտակարգ դրությունը կլիմայի փոփոխության հետեւանքներն են, պատմել է դրա հեղինակը՝ Բարի Բլիթը:

«Թվում է՝ մեր նախագահն իր ջանքերն ուղղում է շինծու արտակարգ դրությանը՝ ժխտելով այնպիսի պոտենցյալ աղետալի ճգնաժամի գոյությունը, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը»,-հայտարարել է Բլիթը:

New Yorker-ը նշում է, որ հոկտեմբերին կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջկառավարական փորձագիտական խմբի անդամները նախազգուշացրել էին, որ աշխարհն ունի տասը տարի գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար: