«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությունը ծիծաղ է առաջացնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն խոսքերը, որ երկրի խոշոր գործարարներն ու հարուստ մարդիկ, այդ թվում Հայաստանի երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, իրենց ֆինանսական միջոցների 70 տոկոսը պետք է վերադարձնեն պետական բյուջե:
Նրա խոսքով, նման մոտեցումը նպատակահարմար չէ ոչ տնտեսական, ոչ իրավական տեսանկյունից:
«Տնտեսական զարգացման տեսանկյունից սա անընդունելի է: Այլ բան է, որ պատգամավորը ցանկանում է, որ պետությունն ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ունենա, որոնք կարող են ուղղվել սոցիալական բարեկեցության աճին: Սակայն խնդիրների լուծման այս տարբերակը հղի է մեծ ռիսկերով », - նշեց փորձագետը:
Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ դա կարող է հիմք ստեղծել երկրի ֆինանսական կապիտալի մեծ արտահոսքի համար, ինչպես նաեւ վախեցնել պոտենցիալ ներդրողներին:
«Ես կոչ եմ անում նման մոտեցման նպատակահարմարությունը հիմնավորելիս չվկայակոչել միջազգային փորձը, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում: Դա կարող է հանգեցնել հասարակության կողմից իրավիճակի սխալ գնահատմանը: Նման փորձ չկա եւ չի կարող լինել », - եզրափակեց նա:





























