Արյան վրա քաղաքական PR. քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է եւ դիակապտությամբ զբաղվել. էմոցիաներ արթնացնող բոցաշունչ ելույթներ, դեմքներին կեղծ տխրություն, խաղ զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում:

Նման նկարահանումների ժամանակ հրավիրվում են լավագույն օպերատորները եւ լուսանկարիչները` ճիշտ պահը, հուզիչ ժեստերը պետք է անմահեցվեն կադրերում: Քաղաքական տեխնոլոգների ներգրավումը խրախուսվում է:

Ըստ ճաշակի, ելույթներում կարելի է Աստվածաշնչից մեջբերումներ անել:

Ամերիկյան քաղաքական ֆիլմերում նման տեսարանները շատ են: Տարօրինակ կերպով այդ ֆիլմերում նման գործիչները բացասական հերոսներ են, հիշվող իրենց ցինիզմով:

Երբ սգո երթերը ինքնաբուխ են, դա մարդկայնորեն հասկանալի է եւ ընկալելի: Երբ կազմակերպված են ու արարողակարգային, ապա լուռ ծաղիկ են դնում ու հեռանում: Իսկ երբ բոցաշունչ ելույթ են ունենում, նշանակում է, որ ձեզանից սպասելիքներ ունեն:

Ամենակարեւորը հանրային գնահատականն է. արդյոք հանրության համար դա ընդունելի է, թե ոչ»: