Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ ուղղություններով եւ ինչ նպատակներով են Հայաստանից 2018 թվականին դուրս բերվել ֆինանսական միջոցները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ 2018-ին ՀՀ քաղաքացիները բանկերի միջոցով Հայաստանից դուրս են բերել 1 մլրդ 188 մլն 396 հազար դոլար եւ դա առավելագույն ցուցանիշն է եղել 2004 թվականից ի վեր։
«Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ ուղղություններով եւ ինչ նպատակներով են դրանք գնացել։ Դրանք կարող են լինել ներդրումների նպատակով, կամ կարող են լինել քաղաքացիներ, որոնք մեկնում են Հայաստանի Հանրապետությունից եւ իրենց հետ հանում են իրենց միջոցները»,- ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ հիմնականում երկու ուղղություններով է միջոցների արտահանում տեղի ունեցել՝ ԱՄՆ եւ ՌԴ, Մանասերյանն ասաց, որ մարդիկ եթե շտապ ցանկանում են դուրս գալ, ապա եթե ԱՄՆ չեն կարողանում, ապա ՌԴ են արտահանում իրենց միջոցները,եւ եթե ժամանակավոր են հեռանում, ապա իրենց խնայողություններն են վերցնում, իսկ եթե ընդմիշտ են հեռանում վաճառում են իրենց ունեցվածքը։
«Մեր նպատակը պետք է լինի ոչ այնքան այդ թվերի արձանագրումը, այլ այն, թե արդյոք կա ներգաղթ, եթե կա դրա հետ միասին կան արդյոք դրամական հոսքեր մեր հանրապետությունում, կամ առանց ներգաղթի կան արդյոք մարդիկ, ովքեր ցանկանում են ներդրումներ անել, տեսնել որ դրանք հաջողությամբ են պսակվում, ապա նոր դրանից հետո վերադառնալ։ Այսինքն՝ այստեղ բազմաթիվ գործոններ կան, ես կարծում եմ, որ պետք է ավելի շատ շեշտը դնել խթանելու հայրենադարձությունը եւ ներդրումները ՀՀ-ում, ինչը կարող է ոչ միայն դրական ազդել Հայաստանի վրա, այլ նաեւ նվազեցնել միջոցների արտահոսքը»,- ասաց նա։
Տնտեսագետի խոսքով՝ ամեն դեպքում պետք է ուսումնասիրվի արտահոսքերի պատճառները եւ մինչեւ դրանք չպարզվի, չի կարելի գնահատականներ տալ։




























