Մոսկվայի Բուտիրյան դատարանը Քրեստինա Խաչատուրյանին, որը մեղադրվում է հոր սպանության մեջ, տատիկի տան հաշվառումից հանել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Տատյանա Իսաեւան:

Այսպիսով՝ դատարանը բավարարել է նրա տատիկի՝ Լիլյա Խաչատուրյանի հայցը, ում բնակարանը պատկանում է: «Դատարանը բավարարել է հայցապահանջը»,- ասել է մամուլի քարտուղարը:

Խաչատուրյան քույրերի տատիկը հունվարի 9-ին Քրեստինայի դեմ քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ խնդրելով թոռնուհուն բնակարանի հաշվառումից հանել: Աղջկա փաստաբանը պարզաբանել է, որ բնակարանը տատիկի սեփականությունն է, եւ նա մարդկանց բնակարանի հաշվառումից հանելու իրավունք ունի: Փաստաբանի խոսքով՝ ավելի վաղ դատարանը բնակարանից վտարել էր աղջիկների մորը եւ նրանց ավագ եղբորը:

Ինչպես տեղեկացրել է ՔԿ-ն, 2018թ. հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու տան մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի ու կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։ Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք քույրերը անձնական թշնամանքի պատճառով, նրանց մեղադրանք է ներկայացվել։

Անցած տարվա սեպտեմբերին մայրաքաղաքի Բասմանյան դատարանը ազատ արձակեց երեք քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք անցկացրել էին երկու ամիս՝ բավարարելով նրանց խափանման միջոցը փոխելու քննչական մարմնի միջամտությունը։ Վերջերս երեք քույրերին արգելվել է մինչեւ մարտի 28-ը որոշակի գործողությունների կատարումը, այդ թվում՝ բջջային կապի եւ համացանցի օգտագործումը: