Փետրվարի 25-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում քննարկել են «Սահմանված Սահմանադրական կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Օրինագծի հեղինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ իրենք առաջարկում են օրենքի գործողության ժամկետը երկարացնել մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը, ինչը պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարված քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, թույլ կտա տուգանքը վճարել օրենքով սահմանված նորմերի համաձայն եւ հայրենիք վերադառնալ՝ քրեական պատասխանատվության չենթարկվելով:
Գորգիսյանի խոսքով՝ այս ժամկետը երիտասարդներին, հատկապես նրանց, ում 27 տարեկանը լրանում է առաջիկա 3 ամիսներին, ավելի լայն հնարավորություններ կտա:
Պատգամավորն առաջարկել է օրինագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմում, որպեսզի այն առավելագույն արագ ուժի մեջ մտնի:
Օրինագիծը ստացել է խորհրդարանականների միաձայն դրական եզրակացությունը:





























