Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում գյուղացին փայտով հարվածել է համագյուղացուն, վերջինս ստացված վնասվածքից հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում են  ՀՀ ոստիկանությունից։

Փետրվարի 22-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժին hաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.05-ին, շտապօգնության խմբի կողմից «գանգի հիմի կոտրվածք հարցականով, ուղեղային պրեկոմա, գեներալիզացված ցնցումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1980թ. ծնված Վարուժան Մելքոնյանը: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արեգունի գյուղում համագյուղացիներ Վ. Մելքոնյանը և 1992 թ. ծնված Արթուր Ն.-ն վիճաբանել են, որի ընթացքում Վ. Մելքոնյանը հայհոյել է Արթուր Ն.-ին, բռունցքով հարվածել նրան, ինչից հետո Արթուր Ն.-ն գետնից վերցրել է փայտի կտոր և հարվածել Վ. Մելքոնյանի գլխին` պատճառելով նշված վնասվածքը:

Ժամը 21.30-ին Արթուր Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:

Փետրվարի 23-ին, ժամը 14.15-ին, Վարուժան Մելքոնյանը հիվանդանոցում մահացել է:

Հարուցվել է քրեական գործ:  Արթուր Ն.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: