Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն անձամբ ստորագրել է երաշխավորագիր Baring Vostok ներդրումային հիմնադրամի գործընկեր Վահան Աբգարյանի համար, որը ձերբակալված է խարդախության գործով։ Այս մասին երկուշաբթի ասել է փաստաբան Ռուստամ Կուրմաեւը Մոսկվայի քաղաքային դատարանի նիստում, որը երկուշաբթի պետք է քննարկեր Աբգարյանի ձերբակալման բողոքարկումը, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Աբգարյանի համար երաշխավորել է մոտ 40 մարդ, ասել են նրա փաստաբանները։ Նրանց մեջ են նաեւ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիեւը, «Ալֆա բանկի» տնօրենների խորհրդի նախագահ Պյոտր Ավենը, «Ալֆա կապիտալ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոսոգովը, «Ցենտրալ պարտնյորշիպ» ընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը, «Իվի.ռու»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Տումանովը եւ այլք։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն կարծում է, որ Baring Vostok հիմնադրամի հիմնադիր Մայքլ Քալվին գործընկերների հետ համոզել է «Արեւելյան» բանկի բաժնետերերին «Առաջին կոլեկտորային բյուրոյից» ընդունել International Financial Technology Group ընկերության բաժնետոմսերը՝ 2,5 մլրդ ռուբլի պարտքի հաշվին։ Ընդ որում՝ արժեթղթերի արժեքը 600 հազարից բարձրացված է մինչեւ 3 մլրդ ռուբլու, այնպես որ գործարքը վնաս է պատճառել բանկին։





























