Աշխարհում էթնիկ շատ խմբերի եւ ազգերի, այդ թվում եւ, ցավոք, հայերիս, հայտնի է, թե իրականում ինչ է ցեղասպանությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով այս օրերին ծավալված հերթական հակահայկական հիստերիան՝ Խոջալուի իրադարձությունների տարելիցի առնչությամբ։
Ցեղասպանությունը, ինչպես ընդգծել է պատգամավորը, միայն հուզական եւ պատմական հասկացություն չէ, այլ նաեւ իրավաբանական։ «Դրա համար պարզապես արտաբերել այս բառը, մանավանդ 21-րդ դարում, անընդունելի է։ Շատ հազվադեպ է լինում, եւ գրեթե չի լինում, որպեսզի ազգն ինքն իր վրա վերցնի այդպիսի բեռ, որովհետեւ ցեղասպանություն ապրած ազգը լուրջ բան է։ Ցեղասպանությունն իր դրոշմն է դնում ազգի մենթալիտետի, նրա վիճակի եւ անգամ զարգացման վրա։ Կարծում եմ, որ մենք՝ հայերս, եւ այն բոլոր ազգերը, որոնք ցեղասպանություն են ապրել, երբեք չեն կարողանա հաղթահարել դա»,- ընդգծել է խորհրդարանականը։
Այս համատեքստում, քաղաքական գործչի կարծիքով, անհասկանալի է, թե ինչու են Ադրբեջանում փորձում հորինված մեկնություններով իրենց վրա վերցնել ցեղասպանության զոհերի դերը։ «Ինչո՞ւ դա արեցին Ադրբեջանում։ Ըստ իս՝ երկու պատճառ կա։ Առաջինը՝ նրանք ցանկանում են գոնե ինչ-որ կերպ հավասարակշռել իրենց վերաբերմունքը հայերի հանդեպ՝ իբրեւ ազգ, որը ցեղասպանություն է ապրել՝ սրանից բխող բոլոր պատմական եւ իրավաբանական հետեւանքներով՝ բոլորին ցույց տալով, որ հայերը, իբր, այնքան վատն են, եւ իրենք են դարձել «ցեղասպանության» մեղավորներ»,- պարզաբանել է Իգիթյանը։ Երկրորդ պատճառը, ինչպես նշել է պատգամավորը, հանգում է նրան, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունում փորձել է «ագրեսորի» էթնիկ խմբից» «սլաքներն ուղղել» դեպի «զոհի» էթնիկ խումբ։ Ուստի ստեղծվեց «Խոջալուի ցեղասպանություն» առասպելական հասկացությունը։ «Իրականում բոլորը գիտեն, որ ինքը՝ այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովն է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ»,- ավելացրել է կառավարող ուժի պատգամավորը՝ հիշեցնելով, որ Խոջալուի ողբերգության անմիջական մեղքը Ադրբեջանի Ժողովրդական ճակատի վրա է, որը, հանրապետությունում իշխանափոխության համար սա օգտագործելով՝ կազմակերպեց ադրբեջանցի բնակչության սպանդը։
Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 26-ի գիշերը հայկական կողմը կազմակերպեց ռազմական գործողություն՝ Խոջալուի մոտ գտնվող օդանավակայանի ապաշրջափակման եւ հակառակորդի կրակակետերը հենց գյուղում լռեցնելու նպատակով, որտեղից 1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը պարբերաբար ենթարկվում էին ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին, կանոնավոր հրետակոծության «Ալազան», «Կրիստալ» եւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ սարքերից։ Ադրբեջանի իշխանությունները Խոջալու ուղարկեցին ՕՄՕՆ-ի բազմաթիվ ստորաբաժանումներ, բացի այդ, այնտեղ էին տեղակայված Ադրբեջանի Ժողովրդական ճակատի զինյալները։ Ղարաբաղի Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու միջանցք թողեցին, ինչի մասին ադրբեջանական կողմը նախապես զգուշացվել էր։ Բայց խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվեց Աղդամի մատույցներում, ԼՂՀ եւ Աղդամի միջեւ սահմանին, որն այն ժամանակ գտնվում էր ադրբեջանական ռազմականացված կազմավորումների հսկողության ներքո։ Դա հաստատել է նաեւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը՝ այս հանցավոր գործողությունը կապելով իշխանությունից նրան հեռացնելու ընդդիմության փորձերի հետ։ Հանրապետության ներկա իշխանությունները փետրվարի 26-ը հռչակել են «Խոջալուի ցեղասպանության» օր՝ այն օգտագործելով հակահայկական քարոզչություն ծավալելու համար։





























