Նախատեսվում է Վաղարշապատի քննչական վարչությունում ավելացնել քննիչների հաստիքները: Այս մասին, Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ նշել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով քննիչների ծանրաբեռնվածությանը:
«Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար։ Պետը միայն մակագրություններ կատարելու համար չէ։ Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում քրեական գործեր ընդունելով եւ քննություն իրականացնելով: Բոլորս քննիչներ ենք՝ տարբեր լիազորություններով: Բոլորն իրենց վարույթում պետք է գործ ունենան, որ կարողանան մտնեն քննիչի դրության մեջ եւ չկտրվեն իրականությունից: Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչ գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
Նրա խոսքով ստորաբաժանման ղեկավարը, պարտավոր է կոլեկտիվում ապահովել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչն աշխատանքի արդյունավետության կարեւոր նախապայմաններից է:
«Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է պատշաճ վերահսկողություն իրականացնել՝ ենթակաների գործունեության նկատմամբ: Դիտորդի դերն անթույլատրելի է: Ղեկավարը պետք է քննիչի հետ պատասխանատվության ենթարկվի եւ քննիչի հետ խրախուսվի՝ քննիչի անմիջական վարույթում գտնվող քրեական գործի արդյունքների համար»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը, անդրադառնալով քննիչների վերապատրաստմանը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել կրիմինալիստիկայի վարչություն, որի գործունեության ընթացքում պարբերաբար կանցկացվեն դասընթացներ՝ առանձին հանցագործությունների մեթոդիկայի առանձնահատկությունների, քննչական գործողությունների տակտիկայի վերաբերյալ:
«Քննիչը դատավարական ընթացակարգի եւ քրեական իրավունքի իմացությանը զուգահեռ պետք է տիրապետի քննության մեթոդիկայի առանձնահատկություններին, որ պատկերացում կազմի, թե ինչպես եւ ինչ նրբություններով պետք է բացահայտի հանցագործությունը»,- շեշտեց ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը դրական գնահատեց մարզային վարչության կատարած աշխատանքը եւ կոչ արեց կատարելագործել այն:





























