Հայաստանի ներկա իշխանությունները չեն մերժում ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ Մադրիդյան սկզբունքների հիմքում այն մոտեցումն է, որի համաձայն՝ պետք է ինչ-որ բան տաս, որպեսզի ինչ-որ բան վերցնես, եւ ներկա իշխանությունները, ինչպես եւ քաղաքական շատ ուժեր, չեն մերժում նման հնարավորությունը։ «Բայց Ադրբեջանում սկզբց եւեթ ձեւավորվել է օրակարգ, որի համաձայն՝ նրանք պատրաստ են քննարկել հարցեր, այդ թվում եւ կարգավիճակի մասին, բայց պայմանով, որ Ղարաբաղը պետք է լինի իրենց երկրի կազմում։ Այս ֆոնին հայկական կողմը չունի հստակ կողմնորոշում, թե ինչպես վերաբերվի Մադրիդյան սկզբունքներին։ Իսկ այդ սկզբունքներն անընդունելի են, քանի որ զիջումները կհանգեցնեն կործանարար հետեւանքների»,- նշել է նա։
Փորձագետն ընդգծել է, որ խաղաղության կոչերը փոքր-ինչ տեղին չեն՝ հաշվի առնելով հակամարտության տարբեր ընկալումը Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների կողմից։ «Ի տարբերություն ադրբեջանական հասարակության, որը հենվում է հակահայկական գաղափարախոսության վրա, հայկական հասարակությունում ադրբեջանցիների հանդեպ վերաբերմունքն ավելի լոյալ է։ Անգամ եթե Ալիեւը խաղաղություն ցանկանա, ապա կբախվի այն խնդրին, որ իր ժողովուրդն այլ պատկերացում ունի»,- պարզաբանել է փորձագետը։
Անդրադառնալով Սիրիա հայկական զորակազմ ուղարկելու թեմային՝ Արա Պապյանը նշեց, որ համաշխարհային հանրության աչքում առաքելությունը չի կրում խաղաղարար բնույթ՝ հաշվի առնելով, որ «երկրների մեծ մասը հանդես է գալիս Սիրիայի ներկա իշխանությունների դեմ»։





























