Հեմոդիալիզի պարագաների մրցույթի գործով ԱԱԾ–ում հարցաքննվել է մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն  Հայկ Կարապետյանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Կարապետյանի հայրը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արթուր Կարապետյանը։

Նա նշեց, որ որդին ԱԱԾ–ում հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Հայկը ոչնչից տեղյակ չէ,  նա ընդհանրապես չգիտի ինչի մասին է խոսքը, այնտեղ է իմացել, թե ինչ գործ է»,–ասաց նա։

Նշենք, որ երեկ լրատվամիջոցները գրել էին, որ  ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետերի։

Մինչ այս պահը, սակայն ոչ ՊՎԾ–ն եւ ոչ էլ ԱԱԾ–ն հիշյալ տեղեկության վերաբերյալ պարզաբանում չեն ներկայացրել։

ԱԱԾ–ում ամենայն հավանականությամբ նյութեր են նախապատրաստվել «Հետք» կայքում հրապարակված «Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո։

Հիշեցնենք, որ «Հետքի» հետ զրույցում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Խոսքը վերաբերում է Հեմոդիալիզի պարագաների մրցույթին։ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հայտարարած մրցույթում ըստ կայքի՝ հաղթել է  «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երեւանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել եւ այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում։