Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը երեկվանից հացադուլ է սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մխիթարյանը։
Նա նշեց, որ պահանջում է իր նկատմամբ քննված քրեական գործն ուղարկել հետաքննության։
Դատապարտյալը տեղեկացրեց, որ իրենց նկատմամբ քննված քրեական գործերի հետ կապված հացադուլ են հայտարարել նաև կալանավայրի իր ընկերները՝ Վաչագան Ադալյանը և Արա Մկրտչյանը։
Մխիթարյանը նաև հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է դիմել քրեակատարողական ծառայությանը՝ կալանավայրում մամուլի ասուլիս հրավիրելու պահանջով։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Վարդան Աբրահամյանը 2018թ. մարտի 5–ի դատավճռով Մուշեղ Մխիթարյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ հայնել ենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առիթով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ):





























