Մենք բարձրացնում ենք ինձ՝ քաղաքացիությունից զրկելու հարցը, մինչդեռ իրենք  պատասխանում են գրանցման հարցով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով իրեն քաղաքացիությունից զրկելու հարցով Արցախի ոստիկանության պարզաբանմանը:

«Հարցը չի վերաբերվում նրան, թե ես Հայաստանի, թե Ղարաբաղի հաշվառում ունեմ:  Մենք խոսում ենք քաղաքացիությունից զրկելու մասին, իրենք հաշվառման հարցն են ասպարեզ բերում: Հաշվառումը նրա համար է, որ իմանան իմ հասցեն, բնակության վայրը, որ անհրաժեշտության դեպքում թուղթ ուղարկեն: Մենք խոսում ենք այն մասին՝ ես քաղաքացի՞ եմ, թե ոչ: Իրենք պետք է քաղաքացիության մասին պարզաբանում տան իմ պաշտպանին ու եթե պատասխանը չբավարարի, մենք մտնում ենք դատարան»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Նա նկատեց, որ Սահմանադրության մեջ որեւէ կետ չկա, որ նախագահ ընտրվելու դեպքում հաշվառումը որտեղ պետք է լինի. «Բոլորս էլ Հայաստանի քաղաքացի ենք, որովհետեւ ՀՀ քաղաքացու անձնագիր ունենք: Այդ դեպքում ինչու ենք ստորագրահավաք անում:

Բանն այն է, որ ինձ ոչ թե հաշվառումից են հանել, այլ նաեւ քաղաքացիությունից: Թող իրենց էշի տեղ չդնեն: Երկրորդ, պաշտպանը կզբաղվի, հարցերի պատասխանը կտանք դատարանում: Եթե բոլորս ՀՀ քաղաքացի ենք, այսօր ՀՀ քաղաքացին առաջին գիծ է պահում: Հիմա առաջին գիծ պահող ՀՀ քաղաքացին կարո՞ղ է Արցախում պատգամավոր դառնալ: Այսինքն սահման պահելու իրավունք ունի, բայց հենց ուզում է ընտրվել, ասում են՝ Ղարաբաղի քաղաքացի չես, չի կարելի»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սամվել Բաբայանի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել Արցախի ոստիկանությունը:

Արցախի ոստիկանության պարզաբանումը՝ Սամվել Բաբայանի վերաբերյալ