Ադրբեջանահայերի ասամբլեան փետրվարի 28-ին Երեւանում երթ կանցկացնի ի հիշատակ Ադրբեջանում ցեղասպանության զոհ դարձած հայերի։ Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը։
Նրա խոսքով՝ երթը կմեկնարկի ժամը 12.00-ին Ծիծեռնակաբերդից, կմասնակցեն նաեւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Այս երթով մենք ցույց կտանք մեր միասնությունը։ Այո, մենք հասել ենք անկախության Ղարաբաղի 120 հազար հայերի համար, բայց չպետք է մոռանալ, որ դրա համար վճարել ենք ցեղասպանությամբ, Ադրբեջանից 500 հազար հայերի արտաքսմամբ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին ադրբեջանական Սումգաիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր, որոնց ժամանակ միայն պաշտոնական տվյալներով զոհվել են մոտ 30 եւ վիրավորվել հարյուրավոր հայեր։





























