ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ճնշում են գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի հայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ սրանով են նաեւ պայմանավորված ԱԳ նախարարների, ինչպես նաեւ 2 երկրների առաջնորդների միջեւ հաճախակիացած հանդիպումները: «Ներքին խնդիրների վրա կենտրոնանալով՝ մենք, ըստ էության, չենք նկատել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտ անիրականանալի սպասումներ են առաջացել: Համաշխարհային հանրությունը պետք է հասկանա, որ չարժի միակողմանի զիջումներ սպասել, քանի որ դա կարող է կործանարար հետեւանքներ ունենալ»,- նշեց նա:
Փորձագետը շեշտեց, որ Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով սպասում են բարենպաստ իրավիճակի, որպեսզի հարձակման անցնեն: «Այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Երեւանը ադրբեջանական տարածք է, նվազագույնը անլուրջ է սպասել, որ հնարավոր է խաղաղության մթնոլորտ ձեւավորել»,- հավելեց Այվազյանը:
Նա արձանագրեց, որ նման հայտարարությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի շարունակվող հակահայկական քաղաքականությունը վկայում են այն մասին, որ Բաքուն պատերազմի է պատրաստվում: «Հայկական կողմն, իր հերթին, պետք է գիտակցի, որ այս դադարը պետք է օգտագործվի ժամանակ շահելու եւ հնարավոր ագրեսիային նախապատրաստվելու համար»,- եզրափակեց փորձագետը:





























