Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման՝ անհնար է հասնել Ադրբեջանում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի հայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը մեզ համար եղել է ոչ միայն պատերազմ տարածքների ազատագրման համար, այլեւ ողջ մնալու միջոց: «Ադրբեջանի հայերի հարցի առաջմղմամբ մենք կարող ենք չեզոքացնել, այսպես կոչված, «Ադրբեջանի ղարաբաղյան փախստականների» պահանջների օրակարգը: Մենք պետք է աշխարհին ցույց տանք այն հանցագործությունները, որոնք 30 տարի առաջ կատարվել են հայերի դեմ: Անհրաժեշտ է մշտապես խոսել Բաքվում եւ Սումգայիթում ջարդերի մասին եւ այդ թեման բարձրացնել, այլ ոչ թե սպասել, երբ Ադրբեջանը կխոսի Խոջալուի դեպքերի մասին: Նման քաղաքականությունը կարող է բերել նրան, որ համաշխարհային հանրության աչքում այս հակամարտությունում զոհը եւ ագրեսորը կարող են իրենց տեղերը փոխել»,- նշեց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը՝ Այվազյանը նշեց, որ խաղաղության դիմաց տարածքների փոխանակման մասին խոսակցություններն անընդունելի են, քանի որ հայկական կողմը պետք է ելնի այն դիրքորոշումից, որ մենք ոչ միայն չպետք է զիջենք, այլ դեռ վերադարձնենք հակառակորդի կողմից նվաճված հողերը: