Իլհամ Ալիեւի հեղինակությունը վատ ծառայություն  է մատուցել Աեդրբեջանին: Լրագրողների հետ հանդիպմանն  այսօր այս մասին հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Խոսելով ադրբեջանական լրատվամիջոցներում Սումգայիթում հայկական ջարդերի տարելիցի լուսաբանման մասին՝ փորձագետը նշեց, որ բավականին երկար ժամանակ անհասկանալի էր, թե ինչ սցենար կընտրի ադրբեջանական կողմը:

«Նրանց մոտ երկար տարիներ հստակություն չկար, փորձում էին տարբեր սցենարներ կիրառել: Ակնհայտ էր, որ թեման հնարավոր չէր փակել եւ պետք էր իրենց համար բարենպաստ սցենար ստեղծեին: Մի քանի սցենար էին փորձել՝ Սումգայիթյան իրադարձությունները Հայաստանում ադրբեջանցիների կոտորածի հետեւանք են: Փորձում էին թեման նաեւ միջազգային ԶԼՄ-ներում տարածել : Հետո փորձում էին առաջ բերել թեմա, որի համաձայն ջարդն իրականացրել է «ԿԳԲ»-ն: Վերջում կանգ առան ամենաանհեթեթ թեմայի վրա. քանի որ ջարդարարների թվում ոմն Էդիկ Գրիգորյան կար, ապա այն կազմակերպել են հայերը: Այսինքն, հարյուր կամ հազարավոր ջարդարարներից մեկ հայ: Սակայն կան վկայություններ, որոնք ապացուցում  են իրադարձությունների համակարգային նախապատրաստման մասին՝ հայերի բնակարաններում հեռախոսները չէին աշխատում, ոստիկանությունը կամ չէր գործում կամ ջարդարարների թվում էր, կային հայերի ցուցակներ:

Դավադրությունների տեսության վարկածը հանգում է նրան, որ հայերը, իսկ ադրբեջանցիների մի մասի կարծիքով բոլոր հայերը դաշնակ են, մտել են Սումգայիթ, նախօրոք բերել են լրագրողների, որպեսզի ամեն ինչ փաստաթղթավորեն  եւ կազմակերպել են ջարդեր՝ Արցախյան շարժումը սկսելու համար», - նշեց փորձջագետը:

Նրա գնահատմամբ՝ վերջին օրերին հակահայկական քարոզչությունը նորից ուժգնացել է եւ դա առաջին հերթին կապված է Խոջալուի իրադարձությունների առասպելացման հետ, ակնհայտ է, որ դեսպանատները ակտիվորեն աշխատել են, լուրջ ֆինանսական ներդրումներ են արվել, ֆեյսբուքում ինչ-որ տարօրինակ գովազդներ են հայտնվել: Հատկապես տհաճ է, որ ռուսական ԶԼՄ-ներում պատվիրված ռեպորտաժներ են հայտնվել՝ փորձելով  «ճիշտ ճանապարհի» վրա դնել նրանց, ովքեր ներառված են Ադրբեջանի սեւ ցուցակում:  

«Այնպես որ պետք չէ խաբվել հակահայկական ագրեսիայի նվազման լուրերով», -կարծում է Մարտիրոսյանը:

«Տարեթվերին» են նվիրված նաեւ կիբեր հարձակումները՝ վերջին հարձակումը հունվարին էր: Փորձագետը խորհուրդ է տալիս երբեք չկորցնել զգոնությունը եւ հատկապես պետք է ուշադիր վերաբերվել անհայտ հասցեներից ուղարկված նամակներին:

Պատասխանելով հարցին այն մասին՝ համաչափ են արդյոք կողմերը արձագանքում վստահության մթնոլորտ ձեւավորելու կոչերին, փորձագետը նշեց, որ  ցանկացած պարագայում լավ չէ հասարակությանը «կատաղած» վիճակում պահելը, դա անառողջ վիճակ է եւ նաեւ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն պետք է սառնասրտորեն ընդունել:

«Օրինակ տարածքների հարցը: Եթե ամեն օր խոսենք այդ թեմայով, մի օր հասարակությունը կհոգնի եւ կդադարի արձագանքել: Այսինքն պետք է այնպես լինի, որ հասարակությունը հանգիստ քննարկի իրական սպառնալիքները՝ մի կողմ թողնելով անիրականները: Պետք է դադարել նյարդային արձագանքել  արտաքին հայտարարություններին, բայց փորձագետների մակարդակով քննարկել  եւ հասկանալ, ինչպես ենք ցանկանում լուծել խնդիրը: Կարծում եմ, մենք հստակ պատկերացում չունենք, թե ինչ ենք ուզում: Ընդհանուր առմամբ, որ Ղարաբաղը մերը լինի: Բայց ես դեռ վերլուծական տեսլական չեմ տեսել՝ Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է միասին լինեն թե՞ առանձին:

Կան կարծիքներ, բայց դրանք հիմնված չեն հստակ ռազմավարության վրա: Ինչպես ենք մենք ցանկանում հասնել դրան, ինչ փոխզիջումների կարող ենք գնալ, եւ որոնց ոչ մի դեպքում չենք համաձայնի եւ  կպաշտպանենք մինչեւ վերջին փամփուշտը: Այդ հարցերի պատասխանները չպետք է զգացմունքային լինեն, այլ պետք է հիմնված լինեն ճշգրիտ հաշվարկների վրա», - ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ միակողմանի գործողությունները անթույլատրելի են:

«Նույնիսկ եթե հակահայկական քարոզչությունը լիովին դադարի Ադրբեջանում, հասարակությունում այնքան շատ թույն կուտակվել, որ դետոքսալիզացիայի գործընթացը երկար ժամանակ կտեւի», - ասաց նա: Միեւնույն ժամանակ փորձագետը համաձայնեց, որ հայ հասարակությունը հաճախ տարվում է կեղծ օրակարգով եւ ամենավատն այն է, որ հիմնական խաղացողներին դուր է գալիս այն, ինչ տեղի է ունենում:

Ընդհանրապես, ըստ փորձագետի, դժվար է հաշվարկել տեղեկատվական պատերազմի արդյունքները: «Կարելի է  մեծ գումարներ ներդնել եւ արդյունքների չհասնել: Օրինակ, ՖԲ-ում Անտիգուա եւ Բարբուդային հասցեագրված գովազդ է հայտնվել  փախստականների մասին: Պատկերացրեք ձեզ Անտիգուայի բնակիչների տեղում՝ նրանք ընդհանրապես չգիտեն ինչի մասին է խոսքը», - ասաց Մարտիրոսյանը:

Սակայն, իհարկե, կան նաեւ ադրբեջանական ներդրումների ներդրման «հաջողակ» օրինակներ: Հարկ է նշել, որ այսօր Ադրբեջանի քարոզչությունը լուրջ խնդրի է բախվել: Այդ խնդրի անունը  Իլհամ Ալիեւ է: Վերջին տարիներին այս մարդը  այնպիսի բացասական հեղինակություն է ձեռք բերել, որ հակահայկական քարոզչությունը նույնիսկ երկրորդ պլան է մղվում: Ի վերջո, կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ են ասում, այլեւ թե ով է ասում», - ընդգծեց փորձագետը: