Քննչական մարմնի ստորաբաժանման ղեկավարը քննչական վարչությունում եւ ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ պարբերաբար պետք է անցկացնի խորհրդակցություններ՝ անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման,  քրեական գործերի քննության ընթացքի,  ինչպես նաեւ առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Կոտայքի մարզ աշխատանքային այցելության ժամանակ նշել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նա, մասնավորապես, նշել է. «Գիտելիքների կատարելագործմանն է ուղղված նաեւ գարնանը սպասվող քննիչների ատեստավորումը: Ոչ մի զիջում չի լինելու այն անձի նկատմամբ, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չէ»: Նա հորդորեց մասնագիտական գիտելիքները կատարելագործել ամենօրյա  ռեժիմով:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է նաեւ քաղաքացիների ընդունելություններին՝ նշելով, որ հանդիպում խնդրող բոլոր քաղաքացիների համար պետք է կազմակերպվի պատշաճ ընդունելություն:

«Քաղաքացին, ի դեմս ձեզ, տեսնում է պետություն եւ ձեր կողմից յուրաքանչյուր ոչ կոռեկտ վարքագիծ նույնացվում է համակարգի եւ պետության հետ: Մենք ենք ժողովրդի ծառան  եւ պարտավոր ենք մեր ծառայությունը բարձր մակարդակով կատարել»,- շեշտել է ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը Կոտայքի  մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատել է գերազանց եւ վարչության  պետին հանձնարարել  ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման: