Հայաստանի ամառանոցային Դիլիջան քաղաքում աշխատանքն է սկսել «Քաղաքացիական գիտակցության զարգացում. եվրասիական տարածաշրջանի երկրների փորձը» միջազգային գիտակրթական դպրոցը։

Ինչպես փետրվարի 28-ի մամուլի ասուլիսում տեղեկացրել է «Հայ-ռուսական երիտասարդական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Ղումաշյանը (դպրոցը կազմակերպվել է հասարակական կազմակերպության ուժերով՝ Գորչակովի հիմնադրամի մասնակցությամբ), դպրոցը կաշխատի մինչեւ մարտի 4-ը։ Կմասնակցեն ԱՊՀ երկրներից մոտ 40 հեռանկարային երիտասարդներ։ 5 օր երիտասարդները կլսեն դասախոսություններ, կմասնակցեն թրենինգների, կհանդիպեն խոսնակների եւ արտասահմանյան հյուրերի հետ, որոնք կներկայացնեն եվրասիական տարածքում քաղաքացիական հասարակության հետ կապված իրավիճակը։ Նախագիծը երկրորդն է առաջնորդների միջազգային դպրոցի շրջանակում, որը մեկնարկել է անցած տարվա աշնանից։ Այն նպատակաուղղված է ԱՊՀ երկրների երիտասարդ սերնդի միջեւ հարաբերությունների զարգացմանը։

Նախագծի ղեկավարի՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս Նորայր Դունամալյանի խոսքով՝ ամեն օր դպրոցի մասնակիցների ուշադրությանը կներկայացվի առանձին թեմա։ Այսօր թեման խորհրդային արժեքների ազդեցությունն է քաղաքացիական գիտակցության վրա։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը, որը վաղը դասախոսություն կկարդա, նկատել է, որ ճիշտ չի համարում «հետխորհրդային տարածք» տերմինի օգտագործումը շարունակելը։ «Աճել է քաղաքացիների մի ամբողջ սերունդ»,- հիշեցրել է Պողոսյանը։ Նա միաժամանակ ընդգծել է հենց Հայաստանում նման միջոցառում անցկացնելու կարեւորությունը, որտեղ անցած տարվա գարնանը տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որը ցայտուն ցույց տվեց արտաքին ակտորների ազդեցության բացակայությունը։ «Հետաքրքիր կլինի խոսել եւ ներկայացնել սեփական տեսլականը հարաբերությունների զարգացման եւ սեփական պետության ընկալման մասին։ Ինչպես երկիրը կերպափոխել այնպիսի պետության, որի մասին մենք երազում ենք՝ հզոր, ուժեղ տնտեսությամբ, լավ հարեւան ու արժեքավոր գործընկեր։ Երիտասարդ սերնդի միջեւ առաջ մղել կոոպերացիան, ոչ թե մրցակցությունը։ Ինչպես մեծացնել առկա ներուժը, ոչ թե կիսել այն քիչը, որ կա»,- նշել է Պողոսյանը։